3 Sep - 2015

Պոեզիան հաշմանդամություն ունեցող անձանց հոգուց և շուրթերից

Հոգուց հոսող մեղեդի, կամ պոեզիայի երեկո հաշմանդամների շուրթերից
Սեպտեմբերի 13-ին կայացավ ՝«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի կողմից ձեռնարկված՝ «Պոեզիան հաշմանդամություն ունեցող անձանց հոգուց և շուրթերից» անսահման հուզիչ և տպավորիչ գրական երեկոն, որը նվիրված էր կենտրոնի «Հաշմանդամություն ունեցողների երիտասարդաց ակումբ»-ի բացմանը:
Ինչպես նշեց միջոցառման համակարգող, մասնակից-ստեղծագործող, հոգեբան Անդրանիկ Բաբայանը, երեկոյի նպատակն է բացահայտել և ներկայացնել հանրությանը մեր շրջապատում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ հաշմանդամներին, որոնց անունները գրեթե անհայտ են մեր հասարակությանը:
«Որպես հոգեբան, կարող եմ ասել, որ հաշմանդամություն ունեցողներն ապրելու և ստեղծագործելու ավելի մեծ դրդապատճառներ ունեն, քան ֆիզիկական խնդիրներ չունեցող մարդիկ: Միջոցառման գաղափարն առաջացավ ինձ մոտ, քանի որ ունեմ հաշմանդամ ընկերներ, ովքեր հրաշալի ստեղծագործությունների հեղինակներ են: Ես ինքս էլ շատ վաղուց եմ ստեղծագործում և ինձ համար շատ կարևոր է, որ հասարակությունը ծանոթանա հաշմանդամություն ունեցող անձանց ներաշխարհին», – ասաց նա:
Երեկոյի ընթացքում հնչեցին հաշմանդամություն ունեցող հինգ երիտասարդ հեղինակների` Անդրանիկ Բաբայանի ք.Մասիս, Նարե Ալավերդյանի ք.Աբովյան, Դավիթ Պողսյանի ք. Երևան, Լիլիթ Մանուկյանի ք.Արմավիր, Անուշ Մխիթարյանի ք.Երևան 40–ից ավելի ստեղծագործությունները:
Նրանցից յուրաքանչյուրը դիմակայել է և շարունակում է դիմակայել կյանքի մարտահրավերներին` մնալով տոկուն, սիրելով ու գովերգելով կյանքը:
Միջոցառման առաջին րոպեներին, մասնակիցները հանդիսատեսի առաջ բացեցին ոչ միայն սեփական մտքերն ու ստեղծագործությունների մեջ առկա անսպառ հույզերն ու էներգիան, այլև ստեղծագործությունների միջոցով պատմեցին իրենց կյանքի խնդիրների, վայրէջքների և վերելքների մասին:
Ինչպես նշեց 12 ստեղծագործությունների հեղինակ Լիլիթ Մանուկյանը, ինքը մեծ հետաքրքրությամբ է արձագանքել միջոցառմանը մասնակցելու հնարավորությանը:
«Մենք սկսեցինք համագործակցել մասնակիցների հետ, փորձեր անել, և արդյունքը գոհացրեց և՛ մեզ` մասնակիցներիս, և՛ հանդիսատեսին: Ես ունեմ ողնաշարի և ոտքերի վնասվածքներ, որի հետևանքով 4,5 տարի առաջ ծանր վիրահատություններ եմ տարել: Ես բավականին դժվար ճանապարհ եմ անցել, բայց արդյունավետ բուժումների և իմ կամքի ուժի շնորհիվ այսօր ունեմ այն ամենն, ինչ ունեմ: Երջանիկ եմ, որ բավականին երկար փորձություններից, կորուստներից և վայրէջքներից հետո ես վերջապես վերագտա ինձ, և դա իմ հաղթանակն է», – ասաց Լիլիթը, հավելելով, որ հպարտանում է իր երկու որդիներով, ովքեր ուժ և երջանկություն են պարգևում նրան:
Լիլիթ Մանուկյանը նշեց, որ հաշմանդամները չունեն խղճահարության կարիք:
«Ես չեմ սիրում երբ ինձ խղճում են: Չեմ կարծում, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ թերի են, և նրանց պետք է որևէ այլ կերպ ընդունել: Իսկ իմ միակ խորհուրդն է, որ նույնիսկ ամենավատ անկման պահին, պետք է գտնել մի լուսավոր կետ և առաջնորդվել դրանով: Մարդը պետք է հավատա միայն իր ուժերին և չփորձի որևէ մեկին որևէ բան ապացուցել: Ես դա հասկացա մի քանի տարի առաջ և հենց այդպես էլ ապրում եմ հիմա», – հավելեց Լիլիթը:
Միջոցառման մյուս ստեղծագործող մասնակիցը՝ 21 տարեկան ապագա հատուկ հոգեբան Նարե Ալավերդյանը, ունի հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներ և քայլում է հենակների օգնությամբ: Նա ոչ միայն կիսվեց իր տխուր, անչափ գեղեցիկ և հուզիչ ստեղծագործություններով, այլև պատմեց, որ պատրաստվում է գիրք գրել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների և կյանքի մասին:
«Ես կոչ եմ անում այն բոլոր հաշմանդամներին, ովքեր փակվել են տանն և մտածում են, որ Աստված պատժել է իրենց, ուղղակի բացել իրենց հոգու դռները և հասկանալ, որ կարևոր չէ, թե ինչպես դու կհասնես քո նպատակին՝ քայլելով, սողալով, կամ էլ պառկած, քանի որ կարևորը վերջնական արդյունքն է», – նշեց օրիորդը, ով ներկայացրել է 19 ռոմանտիկ սիրային ստեղծագործություն:
Երեկոյի ընթացքում հնչեցին նաև կուրություն ունեցող բանաստեղծուհի Անուշ Մխիթարյանի, և ծանր մանկական ցերեբրալ կաթված ախտորոշմամբ հեղինակ Դավիթ Պողոսյանի ստեղծագործությունները, որոնք անտարբեր չթողեցին և ոչ մի ունկնդրի: Անչափ տաղանդավոր երիտասարդ ստեղծագործող Դավիթի առողջական վիճակը թույլ չտվեց, որպեսզի նա ներկայացնի իր ստեղծագործությունները` չնայած երեկոյին ներկա գտնվելուն: Վերջինիս ստեղծագործությունները ասմունքեցին նրա ընկերները, նշելով որ արդեն լույս է տեսել Դավիթ Պողոսյանի «Իմ դրաման» ժողովածուն: Դավիթ Պողոսյանը շատ տպավորված և հուզված էր երոկոյի ընթացքում, քանի որ առաջին անգամ էր նրան ընձեռվել հնարավորություն լսել իր գրած տողերն և ականատես լինել հանդիսատեսի արձագանքներին:
«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնի ղեկավար Արմինե Ավագյանը նշեց, որ նման միջոցառումները շատ կարևոր են հաշմանդամություն ունեցող մարդկանց շփումն իրականացնելու և նրանց տաղանդը հանրությանը ներկայացնելու համար: Դա նաև կարևոր է հանդիսատեսի համար, որը սովորում է հաշմանդամներից ինչպես լինել տոկուն և հաղթահարել կյանքի դժվար իրավիճակները:
Երեկոյի ավարտին, մոմերի լույսի և հուզված հանդիսատեսի ծափահարությունների ներքո հնչեցին հյուրերի և մասնակիցների ջերմ խոսքերը և միջոցառումը շարունակելի դարձնելու խոստումը:
Արմենակ և Աննա Թադևոսյանների մանկական վերականգնողական բոուժարանi աշխատակազմի ներկայացուցիչները, ովքեր ներկա էին միջոցառմանը, նշեցին, որ հաշմանդամ ստեղծագործողներն ոգեշնչեցին իրենց ևս մեկ անգամ իմաստավորելու իրենց աշխատանքը հաշմանդամ մանուկների հետ:
Երեկոն եզրափակվեց Դավիթ Պողոսյանի կողմից կատարված ամերիկացի կույր և խուլ գրող Հելլեն Քելլերի խոսքերի մեջբերմամբ. «Ամենագեղեցիկ և լավ բաներն աշխարհում երբեք չես կարող տեսնել, լսել կամ դիպչել, այդ ամենը պետք է մնա սրտի խորքում»:

 

Write a Reply or Comment